«Մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ: ՈՒստի առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին․ և երբ ամեն ինչ կատարեք, հաստատուն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրեք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ» (Եփես․6․12-15)։
Այսպես է խրատում Եփեսացիներին ուղղված իր նամակում՝ փարիսեցիությունից դարձի եկած, քրիստոնյաներին մոլեռանդորեն հալածած Պողոս առաքյալը՝ աշխարհին սպասվող իրադարձությունները (Սատանայի խարդավանքները) բնութագրելով ոչ որպես սովորական պատերազմներ, այլ «Հոգևոր մարտեր»: ՈՒստի նրանք, ովքեր կարծում են, թե պատերազմները, ասենք՝ առաջին, երկրորդ համաշխարհայինները, Ղարաբաղյանը, մյուսները «սովորական» գաղափարական, տարածքային կամ ազգային խնդիրների պատճառով են եղել, չարաչար սխալվում են; Անգամ առաջին հայացքից «կրոնական» բնույթ կրող պատերազմները, իրականում ոչ մի կապ չունեն ճշմարտության կամ արդարության հետ և նույնպես Սատանայի խարդավանքներ են, որովհետև կրոնն ու ճշմարտությունը տարբեր բաներ են. ՈՒղղափառ (ճշմարիտ) ՀԱԵ և, ընդհանրապես, ուղղափառ եկեղեցին Քրիստոսի եկեղեցին է, ճշմարտության եկեղեցին է, խաղաղության եկեղեցին է, պարզապես կրոնական կազմակերպություն չէ․ այդ է Հայաստանի, Վրաստանի, հատկապես ՈՒկրաինայի և Ռուսաստանի, որպես հզորների, վրա Չարի իշխանության՝ «300-ի կոմիտեի» հարձակման պատճառը (ովքեր կուզեն, թող կարդան Ջոն Կոլեմանի կամ Կոուլմանի «300-ի կոմիտեն», կհասկանան):
Մեծ Բաբելոնի (ՄԲ) ՝ «մարդկային հարաբերությունների Թավիստոկի ինստիտուտի» և «միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի»
100-ամյակներով մշակած տեխնոլոգիաներով և փողերով իրականացվել են, թե՛ Ֆրանսիական (առաջինը), թե՛ բոլշևիկյան, թե՛ ուկրաինական, վրացական և մեր «գունավոր» հեղափոխություններն ու դրանց փորձերը:
Ռուս-ուկրաինացի եղբայր ժողովուրդներին հանել են իրար դեմ, ուկրաինական ուղղափառ եկեղեցին հալածվում, կազմաքանդվում է, վրացական ուղղափառ եկեղեցին ճնշվում է մահմեդական մզկիթների ու մինարեթների «գրոհից», պետությունը՝ թուրքական ներդրումների հոսքից (առաջին հայացքից շատ դրական տպավորություններով ու տեսքով հանդերձ), հերթը Հայաստանինն է:
Բայց, եթե Վրաստանն իր մշտական չեզոքությամբ, ի դեմս թուրքերի թշնամիներ չունի և ձևական ինքնիշխանությունը հնարավոր է պահպանի, ապա Հայաստանը դատապարտված է:
Արևմուտքն այստեղ հաստատվելու նպատակ չունի, Թուրքիան ու Ադրբեջանն էլ թույլ չեն տա:
Արևմուտքի, որի հետ համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, նպատակը ռուսներին այստեղից հանելն է՝ Հայաստանը ռուսական ազդեցության, հովանավորության (պրոտեկցիայի) գոտուց հանելը և Թուրքական ազդեցության տակ դնելն է, ինչպես հայտարարեց Կլաարը. այսինքն՝ արևմտյան քաղաքական վեկտորը մեզ ուղիղ տանում է արևմտյան Ադրբեջան կամ թուրքական վիլայեթ դառնալու ճանապարհով:
Ինքնիշխանությունը, անգամ ինքնությունը, անգամ ֆիզիկական գոյությունը պահպանելու ոչ մի քաղաքական, իրավաբանական հիմք, երաշխիք գոյություն չունի՝ ուղղափառ, տարածաշրջանում ամենահզոր, միջուկային գերտերություն հանդիսացող Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանումից և խորացումից բացի։
Զարմանում եմ մեր արևմտամետների վրա՝ միամի՞տ են, կարճամի՞տ, վաճառվա՞ծ (քաղաքական կոռուպցիա), թե՞ պարզապես «նախկիններից» վիրավորված, «նախկիններին» Ռուսաստանի հետ ասոցացնող, արևմտյան կեղծ ու պիղծ արժեքների կրող կույր «ռուսաֆոբեր»:
Ավելի շատը կարծում եմ միամիտ են՝ արևմտյան իրական, անժխտելի արժեքների փայլից կուրացած, կարծում են, որ «ականջներս (թուրքերը) կտրեն(ք)» Վան Գոգ, Ֆրանսիա կդառնանք:
Ֆրանսիան մեկ անգամ մեզ արդեն վաճառել է թուրքերին, հո չե՞ք մոռացել:
Իսկ ներկա Ռուսաստանը մի՛ նույնացրեք ո՛չ գորբաչովյան, ո՛չ ելցինյան Ռուսաստանի հետ: Երկուսն էլ Արևմուտքի ազդեցության տակ էին և մեծ վնաս տվեցին թե՛ իրենց սեփական ժողովրդին ու պետությանը, թե՛ մեզ և, թե՛ մյուս ԽՍՀՄ ժողովուրդներին ու պետություններին:
ՀԱԵ-ն պարզապես կրոնական կառույց չէ՝ անջատ պետությունից. դրանք այն բազմաթիվ աղանդներն են և կազմակերպությունները, որոնք մեր պետությունը, ցավոք, չի արգելել (ի տարբերություն ՌԴ-ի), գրանցել է և, որոնք մեծ վնաս են պատճառում, թե՛ մեր ազգային, թե՛ մեր հոգևոր անվտանգությանը: Իսկ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
Ով չի հասկանում, որ ՀԱԵ-ն, ի դեմս արքեպիսկոպոսներ Գալստանյանի, Աջապահյանի և մյուսների գործունեության, բխում է հենց այս առաքելությունից և, անկախ Սահմանադրությունից, Աստված ինքն է մեր երկրի և եկեղեցու նախախնամողը, Աստված իր հետ՝ կաղոթեմ, որ սթափվի:
«… Թող Քո՛ Արքայությունը գա և Քո՛ կամքը լինի (մեր) երկրի վրա, ինչպես որ Երկնքում է»:
Պարգև ՕՀԱՆՅԱՆ